Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԴԵՊԻ ՄԻՋՆԱԴԱ՞Ր, ԹԵ՞ 21-ՐԴ ԴԱՐ (21-րդ դար մտնելու միակ ճանապարհն իր պատմությանը բաց աչքերով նայելն է, այն, ինչ Թուրքիայից ակնկալում ու պահանջում է քաղաքակիրթ աշխարհը)

ԴԵՊԻ ՄԻՋՆԱԴԱ՞Ր, ԹԵ՞ 21-ՐԴ ԴԱՐ (21-րդ դար մտնելու միակ ճանապարհն իր պատմությանը բաց աչքերով նայելն է, այն, ինչ Թուրքիայից ակնկալում ու պահանջում է քաղաքակիրթ աշխարհը)
06.03.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Հայկական պատվիրակությունն օրերս է վերադարձել Ստամբուլից, ինչո՞ւ էր այնտեղ հրավիրվել ՍԾՏՀ ԽՎ Մշտական կոմիտեի արտահերթ նիստ:
-2011 թ. նոյեմբերին Տիրանայում հրավիրվեց ՍԾՏՀ ԽՎ 38-րդ հերթական վեհաժողովը, սակայն ալբանական պատվիրակության ղեկավարի ապակառուցողական կեցվածքի պատճառով վեհաժողովը, ըստ էության, նախատեսված ընթացք չունեցավ:
-Ինչո՞վ արտահայտվեց ապակառուցողական վերաբերմունքը:
-Կառույցում նախագահողը Ալբանիան էր: Ալբանիայի խորհրդարանի նախագահ տիկին Ժոզեֆինա Տոպալին, ելնելով նախագահի իր իրավունքներից` հրավիրել էր Կոսովոյի խորհրդարանի նախագահին, որպեսզի նա ողջույնի խոսքվ հանդես գա վեհաժողովի բացման ժամանակ: Այս փաստը բավականին մտահոգիչ էր ՍԾՏՀ ԽՎ անդամ մի շարք երկրների համար, որովհետև տարածաշրջանում կան բազմաթիվ չճանաչված երկրներ, և այդ փորձը կարող էր վարակիչ լինել:
-Ինչո՞վ էր մտահոգիչ:
-Եթե ստեղծվեր նախադեպ, տարբեր երկրներ իրենց նախագահության ընթացքում այդ հիմքով կարող էին հրավիրել չճանաչված պետությունների ներկայացուցիչներին, ինչը լուրջ խնդիր կարող էր դառնալ կառույցի գործունեության համար: Այդ մտահոգությունից ելնելով` պատվիրակությունները ստորագրեցին մի փաստաթուղթ, որի կազմման մեջ լուրջ դերակատարություն ունեցավ մեր պատվիրակությունը, որ ներկայացնում էինք ես և Արեգ Ղուկասյանը: Ի տարբերություն այլ պատվիրակությունների դիրքորոշումների` մեր նպատակն էր փաստաթուղթն այնպես ձևակերպել, որ տարածաշրջանի այլ հակամարտությունների ու չճանաչված պետությունների մասին գնահատականներ չլինեն: Միաժամանակ մենք առաջարկում էինք ոչ թե ընդհանրապես մերժել Կոսովոյի ներկայությունը վեհաժողովում, այլ թույլատրել ըստ միջազգայնորեն ընդունված կարգավիճակի: Արդյունքում ընդունվեց մեր դիրքորոշումներին համահունչ փաստաթուղթ, սակայն ալբանական կողմը մնաց անդրդվելի, ի պատասխան մյուս երկրները դեմ քվեարկեցին օրակարգին, և վեհաժողովը տեղի չունեցավ:
-Որքան հիշում եմ` Ալբանիան կառույցում նախագահությունը փոխանցում է Հայաստանին, եթե վեհաժողովը չկայացավ, նախագահողը մնում է Ալբանիա՞ն, թե՞ Հայաստանը ստանձնել է իր պարտականությունները:
-Իրավաբանական տեսակետից հարցը լուծում ունի` Հայաստանն է հիմա կառույցում նախագահող երկիրը` իրավունքի ուժով, 6 ամիս հետո մեր լիազորությունները կհանձնենք Ադրբեջանին: Փաստորեն ՍԾՏՀ ԽՎ նախագահը հիմա ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն է: Սակայն Տիրանայում չավարտված վեհաժողովը մի շարք խնդիրներ առաջացրեց. մասնավորապես չհաստատվեց 2012 թ. բյուջեի նախագիծը: Արդյունքում անհրաժեշտություն առաջացավ Ստամբուլում հրավիրելու ՍԾՏՀ ԽՎ Մշտական կոմիտեի նիստ, որը պիտի կարգավորեր առաջացած բոլոր խնդիրները: Այդ նիստի աշխատանքները չափազանց արդյունավետ էին, ինչը մեծապես պայմանավորված էր այն փաստով, որ նիստը հմտորեն ղեկավարում էր ՍԾՏՀ ԽՎ նախագահի տեղակալ Արեգ Ղուկասյանը:
-Այս ընթացքում ընդունված որոշումները իրավազո՞ր են, և ի՞նչ հարցեր էին մշտական կոմիտեի նիստի օրակարգում:
-Իհարկե իրավազոր են: Մշտական հանձնաժողովի նիստում լուծում ստացան բոլոր այն խնդիրները, որոնք Տիրանայից հետո բաց էին մնացել: Մի շատ կարևոր խնդիր ևս քննարկվեց. արդեն երկրորդ տարին է շրջանառվում ՍԾՏՀ կանոնակարգում փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունման դեպքում վեհաժողովի անդամ բոլոր երկրները, անկախ պատվիրակությունների մեծությունից, կունենան վեհաժողովի մարմիններում ընտրվելու հավասար հնարավորություն: Այս հարցի վերաբերյալ մեր պատվիրակությունն ուներ 6 առաջարկ:
-Ընդունվեցի՞ն մեր առաջարկները:
-Նախորդ քննարկումներում մեր առաջարկներին դեմ էր հանդես գալիս հիմնականում թուրքական պատվիրակությունը: Այս նիստից առաջ պարոն Արեգ Ղուկասյանը և ես քննարկեցինք հարցը Թուրքիայի պատվիրակության նոր ղեկավարի հետ, ներկայացրինք մեր հիմնավորումները: Արդյունքում թուրքական պատվիրակությունը չխոչընդոտեց մեր առաջարկների ընդունմանը, և 6-ից 4-ն արդեն կանոնակարգի մաս են:
-Ի՞նչը չի ընդունվել:
-Մնում է կանոնակարգում ճշտել գլխավոր քարտուղարի տեղակալի և հանձնաժողովների քարտուղարների ընտրություններին առնչվող հարցերը:
-Իսկ այդ հարցերը ե՞րբ են կարգավորվելու:
-Մարտի 16-ին Ստամբուլում աշխատանքային խմբի ևս մեկ նիստ կհրավիրվի այդ խնդիրների լուծման համար:
-Տարբեր միջազգային կազմակերպություններ, որ արդեն 20 և ավելի տարիների պատմություն ունեն, և՛ ձևաչափի, և՛ կանոնադրական փոփոխությունների անհրաժեշտության առաջ են, ինչը հետևանք է փոփոխվող աշխարհին համընթաց գնալու անխուսափելիության, այլապես վտանգվում է նրանց բուն առաքելության կատարումը: ՍԾՏՀ-ում նախատեսվո՞ւմ են փոփոխություններ:
-ՍԾՏՀ ԽՎ-ի կառուցվածքը բավականաչափ ունիվերսալ է, պրոբլեմներ մշտապես առաջացրել է ընտրությունների մեխանիզմը, և այդ պրոբլեմները միշտ ավելի սուր են եղել որևէ այլ հարցի քննարկումից: Իսկ դա վեհաժողովին պատիվ չի բերում, այդ հարցերը մեծ ինտրիգներ չպիտի առաջացնեն, որովհետև կառույցն ունի տարատեսակ հրատապ խնդիրներ: Այս տեսակետից` կատարված փոփոխությունները ոչ միայն փոքր երկրների շահերն են պաշտպանում, այլև բուն վեհաժողովի, հակառակ պարագայում ինտրիգները, երկրների միջև համաձայնությունների կայացումն ու չկայացումն այնքան կարևոր են դառնում, որ ստվերում են բուն աշխատանքը:
-Նոր անդամների ընդգրկում հնարավոր համարո՞ւմ եք:
-Իհարկե, կան երկրներ, որոնք հետաքրքրություն ցուցաբերում են, հատկապես Մակեդոնիան, որը դիտորդի կարգավիճակ ունի և լիարժեք անդամ դառնալու քայլեր է կատարում:
-Ստամբուլում առիթներ ունեցե՞լ եք հայ համայնքի հետ շփվելու կամ ավանդական հայկական հետքերով անցնելու:
-Ցանկացած հայի համար Կոստանդնուպոլիսը առանձնահատուկ նշանակություն ունի: Մինչև Հայաստանի առաջին հանրապետությունը տարածաշրջանում մշակութային երկու հիմնական կենտրոններ կային` Թիֆլիսը և Կ. Պոլիսը: Մշակութային կյանքը մեծապես այս կենտրոններում էր զարգանում. տպագրվում էին տասնյակ թերթեր ու ամսագրեր, գրքեր էին լույս ընծայվում, գործում էին դպրոցներ, թատրոններ: ՈՒ յուրաքանչյուր հայ, հայտնվելով այդ տարածքում, ձգտում է տեսնել այն, ինչ այդ ժամանակներից պահպանվել է: Մեր պատվիրակությունը եղավ հայաստանյան միակ գործող կառույցում` Սևծովյան տնտեսական համագործակցության ներկայացուցչությունում, որի վրա Թուրքիայի տարածքում Հայաստանի Հանրապետության միակ դրոշն է ծածանվում: ՍԾՏՀ մեր գործընկերների հետ քննարկեցինք իրենց գործունեության ուղղությունները, ՍԾՏՀ-ի և ՍԾՏՀ ԽՎ-ի մեր պատվիրակությունների ընդհանուր խնդիրները:
-Է, Պոլսո թաղերուն մեջ պտույտ մը չըրի՞ք:
-Հարկավ, հարկավ, թեպետ Հակոբ Պարոնյանի ժամանակներից շատ քիչ հետքեր են պահպանվել Պոլսո թաղերուն մեջ: Եղանք հայտնի Թաքսիմ հրապարակում, որտեղ վերջին մի քանի տարիներին ապրիլի 24-ին հավաքվում են թուրք մտավորականներ և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում իշխանության առաջ` պահանջելով ճանաչել ցեղասպանությունը, դառնալ ազգ, որ իր պատմության մեջ չունի մութ էջեր:
-Ինչո՞վ եք բացատրում, որ Թաքսիմ հրապարակում և՛ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» կոչեր են հնչում, և՛ Խոջալուի չեղած «ցեղասպանությունը» ճանաչելու:
-Խնդիրը Թաքսիմը չէ, ամբողջ քաղաքը մեր այնտեղ գտնվելու օրերին ողողված էր պաստառներով, որոնք «հայերի ստին լուռ չմնալու» կոչեր էին անում և հրավիրում էին հանրահավաքի, որպեսզի Խոջալուի «ցեղասպանությունը» չկրկնվի: Հայտնի է, որ «Խոջալուի» կազմակերպիչները հենց ադրբեջանցիներն են եղել. այդ մասին նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն է ասել տարբեր լրատվամիջոցներով: Ստամբուլում Խոջալուի իրադարձություններին նվիրված ակցիայի ժամանակ հնչել են հակահայկական ռասիստական կոչեր, մասնավորապես Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հայտարարել է, որ Խոջալուի արյունը գետնին չի մնա: Այս ամենը չափազանց մտահոգիչ է:
-Հայահամ ու հայահոտ Բերան այսօր լրիվ թուրքակա՞ն է, ոչի՞նչ հայկական չի մնացել` քարեր, բույրեր, գույներ, ձայներ...
-Թաքսիմ հրապարակից է սկսվում լավ հայտնի Բերա փողոցը, որի վրա մի մեծ ու գեղեցիկ շենք կա. մեծահարուստ Պալյանները ժամանակին այդ շենքը նվիրել են երիտթուրքական կուսակցությանը, որը շենքը դարձրել է ակումբ: Այդ ակումբում է ձերբակալությունից րոպեներ առաջ Գրիգոր Զոհրապի հետ նարդի խաղացել Թալեաթը: Իջնում էինք փողոցով ներքև, ու մի փոքրիկ երաժշտական խանութից ապշեցուցիչ հարազատ մեղեդի էր տարածվում ամբողջ փողոցով, ճիշտ է` խուճուճ-մուճուճ կլկլոց էլ կար, բայց այնքան հոգեհարազատ էր, որ խանութի կողքից անցնելով` վերադարձանք: Արդեն ուրիշ երաժշտություն էր, ու երբ հարցրինք, թե մի քանի րոպե առաջ ինչ էիք հնչեցնում, ասացին` Բինգյոլը: ՈՒ դա այնքան բնորոշ էր` պատմությունից, ճարտարապետությունից սկսած` երաժշտությունն էլ են իրենցով անում, բայց քանի որ հայկական ազգային արմատները շատ ուժեղ են, միևնույն է, զգացվում են:
-Պատրիարքարանում եղա՞ք:
-Այո, և հանդիպեցինք պատրիարքի առաջնորդական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշճյանի հետ, շատ երկար ու հանգամանալից զրույց ունեցանք թուրքական պետության մեջ իրականացվող քաղաքականության, հայ համայնքի առանձնահատկությունների, մեր օրինական կալվածքների հետ կապված խնդիրների մասին, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների... Փոխանորդը մեզ առաջնորդեց նաև պատրիարքարանի թանգարան, որտեղ ներկայացված էին և՛ ազգային մշակույթը, և՛ հոգևոր գանձերը: Ցուցահանդեսում ուշադրությունն իրեն էր գամում Աստվածամոր մի սրբապատկեր` դաշույնի հարվածների հետքերով:
-Սրբապատկերը 1915 թվականի՞ց է պահպանվել:
-Ինձ էլ այդպես թվաց, բայց ոչ. 1915-ին գումարեք ևս 40 տարի:
-1955՞:
-1955 թ. սեպտեմբերի 5-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում Աթաթուրքի հոր տան բակում ռումբ է պայթեցվում, որից վնասվում են պարտեզի ծառերը: Հաջորդ օրը թուրքական թերթերը հակագյավուրական կոչերով են տպագրվում, և սեպտեմբերի 6-7-ին ամբողջ Թուրքիայի տարածքում քրիստոնյաների հալածանքներ են սկսվում` թալանում ու այրում են խանութները, մտնում են տներն ու կողոպտում, հրդեհում, անարգում ու սպանում, պղծում ու կողոպտում են եկեղեցիները: 27 զոհերից 8-ը հայեր էին, հետո պարզվում է, որ ռումբի պայթյունը կազմակերպել էին թուրքական հատուկ ծառայությունները` ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Խոցված Աստվածամոր սրբապատկերը մնացել էր հիշյալ օրերից: Այդ սրբապատկերի սպիներն իրենց կնիքն են թողել ամբողջ թուրքահայ համայնքի վրա, ցավոք: Չեմ ուզում պնդել, բայց այս փաստերը համոզում են, որ այդ ժողովրդի մեջ կա ինքնադրսևորման մի կերպ, որ որևէ կապ չունի 21-րդ դարի հետ, և թերևս 21-րդ դար մտնելու միակ ճանապարհն իր պատմությանը բաց աչքերով նայելն է, այն, ինչ Թուրքիայից ակնկալում ու պահանջում է քաղաքակիրթ աշխարհը: Դա ոչ միայն հայերի համար է չափազանց կարևոր, այլև բոլոր երկրների, և առաջին հերթին` թուրքերի, որ ազատվեն իրենց բարդույթներից:
-Թուրք պատգամավորների հետ շփումներից ելնելով` դա հնարավոր համարո՞ւմ եք տեսանելի ապագայում:
-ՍԾՏՀ ԽՎ և այլ կառույցներում առիթ եմ ունեցել շփվելու իսկապես լրջախոհ թուրք քաղաքական գործիչների հետ, սակայն այսօրվա Թուրքիան նաև ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի Թուրքիան է: Թուրքիայում կան խելամիտ ու առաջադեմ անհատներ, բայց կարծում եմ` թուրք հասարակությունը չափազանց հեռու է դեմքով դեպի իր պատմությունը շրջվելուց: Խնդիրը սա է` ո՞ւր կգնա Թուրքիան. դեպի միջնադա՞ր, թե՞ դեպի 21-րդ դար:
Հարցազրույցը վարեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ